Մաքրիր աչքերիցդ արցունքները, փոքրի՜կս. ես եկել եմ, կողքիդ եմ և քեզ այլևս չեմ թողնի: Այսօրվանից մենք ժպտալ կսովորենք: Ճիշտ է, դժվար կլինի, բայց հիշում ես, չէ՞, միասին մենք ուժեղ ենք: Այլևս դու չես մրսի արևի տակ, ու այսօրվանից կծաղկեն քո այգու բոլոր ծառերը…
Հավատա՜ ինձ, փոքրի՜կս, ես քո հավատի կարիքն ունեմ…
Ինչ-որ մոռացված, հնացած կարոտի վերքեր են մնացել ձեռքերիս, որոնք այսօր էլ հրաժարվում են սպիանալ: Ինչ-ոչ անխոս, լուռ շուրթեր են մնացել այտերիս, որոնք հեքիաթներ են հորինում ինձ համար, իմ մասին ու աշխարհի բոլոր բարի ձեռքերի մասին, որոնցում վարդերը երբեք չեն թոշնում:
Ինչ-որ ուրիշ, տարբեր ու անսովոր աչքերով մեկն է անցել իմ կյանքի ճանապարհով, ով ինձ անթիվ վարդեր է նվիրել հավատի տեսքով…
Իմ երազները հիմա թռչում են ամպերից էլ վեր, ու ես կորցնում եմ նրանց. ինձ կապույտն է պակասում, նրանք այնքան կապույտի կարիք ունեն: Մի օր անգույն մեկը թակեց դուռս, ասաց, որ ինքը կարոտն է ու մտավ ներս: Բացեցի պատուհանները, որ նա հեռանա, բայց երազներս գնացին, նրանց կապույտ էր պետք, իսկ ես չունեմ թևեր…
Քո վրձինն այդպես էլ չսովորեց նկատել ժպիտս, իսկ իմ գրիչը անքնությամբ է տառապում…
Օրերի միապաղաղության մեջ տնկված ծառ եմ ու չգիտեմ` ուր թաքնվեմ. հեռու բոլոր հայացքներից, ճնշող բառերից, փակում եմ աչքերս ու հավատում, որ ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ վաղը գուցե նորից սկսեմ ապրել նկարված ժպիտներով ու օտար հարազատներով: Ես գնում եմ ու քեզ թողնում նրանց հետ, էլ վերադարձ չկա, ես ազատում եմ ինձ նրանցից ու քո ‘ես’-ից, որ այդպես էլ չհասկացավ, որ ես քար չեմ և ոչ էլ խոտ, ես ծառ եմ: Մի օր Արևը, ձեռքս բռնած, ինձ կտանի եկեղեցի, որ նորից սկսեմ մոմեր վառել` հույսի, հավատի:
Ու վերջում ներում. ես վերջին անգամ համբուրում եմ քարե խաչերը ու քո աչքերը:
Նորից քեզ եմ հիշել, ընկե՜րս, ավելի ճիշտ, դու միշտ ինձ հետ ես, բայց և շատ հեռու, ավաղ չեմ կարող հասկանալ այդ հեռուն: Իմ մոտ շատ բան է փոխվել, բայց ես քեզ կպատմեմ, երբ հանդիպենք: Այսօր քայլում էի ‘Ծաղիկների փողոցով’ (Հիշու՞մ ես, այն ես ու դու ենք այդպես կոչել) ու տեսա այն ծաղիկը, որն ինձ փորձում էիր բացատրել, բայց միայն նկարելուցդ հետո այն պատկերացրի. ճիշտ էիր` դա նմանը չունեցող մի ծաղիկ էր` կապույտ, դեղին վարսանդով, փոքրիկ ցողունով: Երեկ երկինքը քո սիրածի նման էր` կապույտ ու վրան էլ սպիտակ ամպեր, որոնց դու կասեիր հեռավոր երազանքներ… Իսկ մենք ամենից շատ սիրում էինք նայել երկնքին, պատկերներ էինք հորինում: Ու այդպես ես մի օր ծանոթացա թռչունների, կատուների ու շնիկների հետ, հենց այդ օրը իմացա, թե ինչ բան է անձրևը, երբ բոլոր շնիկները, կատուները, թռչունները ամուր գրկեցին իրար, որ չմրսեն, իսկ ես սովորեցի ապրել քո լուսե ու հավատով լի աչքերով, սովորեցի ժպտալ ու կարոտել…Հիմա դու հեռու ես: Ես հաճախ եմ լինում այնտեղ, որտեղ մի ժամանակ երկուսով էինք, ասում են, որ մարդն այն ժամանակ է մենակ, երբ վերադառնում է այնտեղ, որտեղ մի ժամանակ երջանիկ է եղել, բայց ես մենակ չեմ, դու դա գիտես: Դու գնացիր ու տարար քեզ հետ իմ երազանքը, նորը ստեղծելը դժվար է, հատկապես, երբ միջանցիկ քամիները խանգարում են: Ես ուզում եմ այսօր լինել այնպիսին, ինչպիսին, երբ միասին էինք, բայց օտար, անհասցե ու անհույս մարդիկ ինձ ուզում են հեռացնել քեզանից, բայց ես ամուր կանգնած եմ հողին…Հարազատս, ես չգիտեմ` ուր ուղարկեմ նամակներս, նրանք նույնպես անհասցե են: Այնտեղ, որտեղ դու ես, հիմա փոստատարներ չկան, աղավնիները ճանապարհները չգիտեն, իսկ ես չեմ կարողանում հասկանալ…Խնդրում եմ, պահպանի՜ր ինձ բոլոր միջանցիկ քամիներից, օգնի՜ր ամուր կանգնել հողին, հասկացրու՜ նրանց, որ դու ես իմ միակ հարազատը, որ քեզ եմ ես կարոտում… Իսկ ես կսպասեմ մինչ մեր հանդիպումը, մենք նորից կնստենք կողք կողքի, կնայենք երկնքին, ու ամեն ինչ կլինի առաջվանը…
Քո թիթեռ
Ահա և սկսվեցին քո սիրած եղանակները, իսկ ես…Ես արձակում եմ մազերս ու շտապում դուրս, որ չլինեմ մենակ, որ լինեմ իմ հետ և քամու հետ: Ինձ ընկեր են դարձել անձրևները բոլոր ու քամիները: Հաջորդ գարուն ես նորից քեզ ու աշխարհին կնայեմ մաքուր ու խաղաղված աչքերով: Ես, ագռավները, մոլորված շնիկներն ու բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ բան են հասկանում կյանքից, կքայլենք դեպի մեր երազանքը ու չենք մտածի` մենակ ենք, որովհետև կունենանք իրար: Ահա և սկսվեցին քո սիրած եղանակները, իսկ ես դեռ պետք է սպասեմ մի ամբողջ ձմեռ…
Հիմա դու հեռու ես ու նայում ես ինձ հազարավոր երազների, միջաստղային տարածությունների ու ամպերի միջով…Չես նկատի, որ ժպտում եմ (ես միշտ ժպտում եմ հրաժեշտ տալուց, որ ինձ հիշեն այդպիսին` ժպտացող): Ես կփակեմ աչքերս ու կզգամ, թե ինչպես ես շնչում, կկարողանամ հիշել դիմագծերդ, կապտամոխրագույն աչքերդ ու տաք ձեռքերդ: Կկարոտեմ անչափ, անսահման, միջաստղային տարածությունների չափ, բայց հետո կհաշտվեմ, կշրջվեմ ու կշարունակեմ ճանապարհս: Ու, եթե իմ ժպտուն, բայց թախծոտ աչքերը գոնե մի բան տվեցին կյանքիդ` ես երջանիկ եմ, որ հանդիպեցի ու շատ սիրեցի քո շնիկին…
Հ.Գ. ‘Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար ում ընտելացրել ես’:
Քնի՜ր բալիկս, իմ օրորը թող մեղմ շոյի աչքերդ, թող իմ երգը քնքուշ սանրի մազերդ … Վաղը , երբ արևի չարաճճի շողը խաղա մատներիդ հետ, դու կբացես աչքերդ: Դու երկար ճանապարհ ունես անցնելու. կսխալվես, կընկնես, վեր կկենաս ու նորից կխնդաս, աչքերդ կփայլեն արևի պես: Դու դեռ պետք է սովորես ապրել, հավատալ ու սիրել…Ես քեզ նվիրում եմ իմ ողջ ջերմությունը (որն ինձ մայրս է նվիրել), որ երբեք չմրսես արևի տակ…Ես քեզ սիրում եմ, Մայրի՜կ…
Քո երջանկությունը մի հատիկ ընկույզն է, ու դու ունես այն: Դու աշխարհի ամենաերջանիկ ագռավն ես, գլորում ես ընկույզդ աջ, ձախ, հետո ցատկում ետևից ու այդպես շարունակ, մինչև կոտրես: Մինչ դու փորձում ես ինչ-որ երազանքներ փսփսալ ականջիս, ես դանդաղ մարում եմ: Ես այգու միակ ծառն եմ, որ այս տարի չբողբոջեց, ու երեկ խոսում էին, որ այսօր ինձ կտրելու են: Ահա և նրանք. թռի՜ր, ագռավ, գնա՜, մենք մի օր նորից կհանդիպենք, հարազատս, ես մի օր նորից կգտնեմ քեզ. մի օր բոլորն էլ գտնում են իրար… Հիմա ես մի կոճղ եմ, էլ չունեմ թևեր ու աչքեր, բայց դու նորից ինձ հետ ես: Թռի՜ր, գնա՜, ագռա՜վ, տեսնում ես` անձրևում է: Ես ազատում եմ քեզ իմ վանդակված խոսքերից, իմ կեղծ բարեպաշտությունից, իմ հիվանդ աչքերից … Դու ամբողջովին թրջվել ես, դողում ես, իսկ ես չունեմ ձեռքեր: Վաղը ես կլքեմ այս կոճղը, ու մենք միասին կճախրենք երկնքում…
Հ.Գ. Մի օր մի ագռավ ինձ իր գաղտնիքը շշնջաց… Ագռավները գիտեն նաև կարոտել…
Նրանց մեջտեղում էի կանգնած, ժպտում էին. մեկ, երկու, երեք… Ու արեցի առաջին քայլերս դեպի կյանք, դեպի անսահմանություն, դեպի ճերմակ տարածություն: Հետո նրա ձեռքերն ինձ բարձրացրին շատ վերև, ու ես դարձա փոքրիկ ինքնաթիռ, դարձա աշխարհի ամենաբարի շագանակագույն աչքերով ինքնաթիռը: Խաղաղ թռչում էի երկնքում ու ժպտում: Հետո ինձ հեքիաթներ պատմեցին արծիվների, կատուների ու աղվեսի մասին. ճիշտ է, նա խորամանկ էր, բայց վատը չէր, պարզապես վախենում էր: Բոլորն են վախենում, որովհետև չեն ուզում արթնանալ:
Ծերու՜կ, զարթնի՜ր, պատմիր ինձ քո պատմությունները: Ես չեմ վախենա, խոստանում եմ, անպայման բոլորը կլսեմ: Նա նստեց ճոճորվող աթոռին, ես էլ` նրա ծնկներին, ու նա աշխարհի ամենաբարի ու քաղցր ձայնով ինձ պատմեց պատմություններ պատերազմի ու բոլոր հզոր արծիվների մասին, որոնք դեպի երկինք էին գնում, մարում ու վառվում, մարում ու վառվում… Նա նույնն էր մնացել, նույնիսկ ձեռքերն էին նույնը, որոնք ինձ երկինք էին բարձրացնում… Մի ժամանակ փիսիկ էի, փոքրիկ, դեղին փիսիկ: Ես վախենում էի մթությունից ու կուչ էի գալիս շենքի աստիճանների տակ: Երբ մի օր ինձ քարով արթնացրին, դարձա միաչքանի դեղին փիսիկ… Նա աշխարհի ամենաերջանիկ մարդն է, գիտե՞ս: Նա անցած կյանքում արծիվ է եղել` հզոր, անվախ արծիվ… Իսկ ես մթությունից վախեցող մի սովորական փիսիկ էի: Երբ վախենում եմ, ամուր գրկում եմ իմ դեղին կատվին (միգուցե դու հենց նրա մեջ ես վերածնվել)… Մենք որոշել ենք սովորել չվախենալ…
