Տեսնես այն սևահեր աղջիկը չէ՞ր մրսում: Մի՞թե այս ցրտին կարելի է այդքան թեթև հագնվել: Լավ, ինչու՞ հանկարծ սկսեցի մտածել այդ աղջկա մասին, մի՞թե մտածելու էլ ոչինչ չունեմ: Ամեն առավոտ դուրս եմ գալիս պատշգամբ ու շնչում մաքուր, փոշուց ու մեքենաների ծխից դեռևս չաղտոտված օդը: Այսօր գրադարան գնալու օրն է: Նորից նույն ճանապարհով եմ քայլում. նույն ծառերը, նույն խանութները, մանուշակներ ու ձնծաղիկներ վաճառող տատիկը: Գրադարանից էլի փոշու հոտ է գալիս, մի երկու-երեք աթոռ ու սեղան կա, բարի աչքերով տատիկը ժպտում է ինձ, հետո միասին քայլում ենք գրքերի շարքերով, ու նա ինձ տալիս է ուզածս գիրքը: Ես նույնիսկ չէի մտածում, որ այդ գիրքն այդքան հաստափոր է: Դնում եմ այն պայուսակիս մեջ, հաջողություն մաղթում տատիկին ու դուրս գալիս: Հետդարձի ճանապարհը նույնն է. այգու արահետը, շենքերի արանքով ձգվող փողոցը, որտեղ ես նորից հանդիպում եմ իմ անծանոթ-ծանոթուհուն` նույն հանգիստ դեմքով, խաղաղ ժպիտով. մի տեսակ ուրիշ է: Պարանոցին փաթաթված է երկար կապույտ շարֆը: Անցնում եմ խաչմերուկը, որտեղ կանգնած է մուգ կարմիր վերարկուով տատիկը. այս անգամ նա գլխարկկ էլ է դրել: Հիմա կհարցնի ժամը.
-Ժամը քանի՞սն է:
-Երեքը, տատիկ:
-Ապրես:
Ես կզարմանամ, նույնիսկ տարօրինակ կլինի, եթե մի օր անցնեմ խաչմերուկը, չտեսնեմ այդ տատիկին, ու նա ինձնից չհարցնի ժամը: Բացում եմ տան դուռն ու մտնում ներս: Մայրս սեղանին հաղորդագրություն է թողել. ‘Ան ջան, ճաշը կտաքացնես, կուտես, հետո թեյ կխմես` անպայման բալի մուրաբայով, որ հազդ անցնի, մեկ էլ ջրի կինը որ գա, փողը սառնարանի վրա է, կտաս’: Ճաշը լոբով է, չեմ ուտի, չեմ սիրում, իսկ թեյ կխմեմ: Բայց մայրս կնկատի, որ ճաշը չի պակասել: Լավ, մի քիչ կուտեմ: Երեք օրից կսկսվեն դասերը, իսկ ես դեռ պետք է կարդամ այն հաստափոր գիրքը: Երեկոյան նորից կանգնում եմ պատշգամբում ու նայում աստղերին, իսկ հետո մտածում եմ, թե որքան եմ սիրում այս աշխարհը, ուր ապրում եմ ես ու իմ կերպարները: Միգուցե նրանք ամեն օր նույնն են, բայց չէ՞ որ օրերն են տարբեր, ու ես իմ օրերի մեջ գտնում եմ իմ փոքրիկ երջանկությունները: Կատուները, նապաստակը` նույն ինքը Սոնան, կապույտ շարֆով աղջիկը` անծանոթ-ծանոթուհիս, մի հեքիաթ տղա ու շատ ուրիշ իմաստներ…
Հ.Գ. Երբ սկսում ես սիրել աշխարհը, միապաղաղ օրերդ ներկվում են գույներով, ու հասկանում ես, թե որքան հարազատ դեմքեր ունես օրերումդ: Հենց այսպես ապրում եմ ուժպտում արևին…


Մեկնաբանել