Մի դադարեք հավատալ

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.8/5 (5 ձայն)

Նորից ձյուն է գալիս…
Գիտե՞ս` ինչու եմ այդքան շատ սիրում ձյան տակ քայլել, որովհետև կարծես անտեսանելի եմ դառնում, և հետո` սիրում եմ, երբ փաթիլները գլորվում են այտերիս վրայով: Այնքան եմ ուզում մի օր բռնել իմ փոքրիկ հարևանի ձեռքը, իջնել դուրս, երբ մեծ փաթիլներով ձյուն գա, ու ձնեմարդ պատրաստել: Մենք ձեռք ձեռքի տված կպտտվենք մեր ձնեմարդու շուրջը, կծիծաղենք նրա ծուռ քթի վրա, միգուցե ինքն էլ ծիծաղի իր վրա, հետո կպառկենք ձյան մեջ ու կնայենք փաթիլներին. երկար, շատ երկար: Հետո կգնանք տուն: Ես իմ փոքրիկ հարևանին կարկանդակով թեյ կհյուրասիրեմ: Մենք կնստենք վառարանի մոտ, թեյ կխմենք ու կխոսենք տարբեր բաներից: Ես համոզված եմ, որ նա անպայման կսիրի ինձ: Ես էլ կսիրեմ նրան, ու մենք կդառնանք բարեկամներ:
Իմ հուշերում այսօր ապրում է մի բարի պապիկ, ով գրպանում լիքը կոնֆետներ ունի ու մեկ էլ հիանալի հեքիաթներ է պատմում:
-Իսկ ինչու՞ են հեքիաթներում լինում չար հերոսներ, մի՞թե հնարավոր չէ առանց չարի: Ինչու՞ է բարին միշտ պայքարում չարի դեմ:
-Որովհետև, բալիկս, կյանքը նման է հեքիաթի. երջանիկ լինելու, երազանքներին հասնելու համար անընդհատ պետք է պայքարել, սակայն, երբեմն գալիս են պահեր, երբ անզոր ես լինում և հանձնվում ես: Բայց դրանք պահեր են, որ անցնում են:
Երբեմն թուլանում եմ ու ձեռքերով փակում աչքերս, հետո մատներիս զգում եմ թացություն:
-Գիտե՞ս, պապիկ, իմ մեջ` մի փոքրիկ անկյունում, ապրում են քո հեքիաթները, ու ես հավատում եմ դրանց, պարզապես, երբեմն մոռանում եմ, բայց գիտեմ` դրանք պահեր են, որ անցնում են…

  • Share/Bookmark
Print This Post Տպել

Մեկնաբանել