Փողոցի լապտերներն արդեն վառվում են: Ես նորից քայլում եմ փողոցով ու շնչում օրվա իմ բաժին օդը, կարծես արդեն սովորած լինեմ այս ցրտին ու չեմ մրսում, ինչպես Անտարկտիդայում բնակվող պինգվինները: Ես այդպես էլ չասացի քեզ, որ շատ նման ես պինգվինի, նրանց նման քայլում ես ու երգում: Միգուցե նեղանայիր ու ասեիր, որ ես էլ ագռավի եմ նման կամ սև կատվի, բայց ես չէի նեղանա, որովհետև մի օր ինքս անցա սև կատվի դիմացով ու ագռավի կռկռոցից հետո սկսեցի բարձր երգել: Այդպես մենք բոլորս ընկերացանք, ու մեզ ոչինչ էլ չպատահեց:
Նորից ձյուն է գալիս: Ինչ-որ մի տեղ մեկի համար սա երազանք է, իսկ ես վախենում եմ, որ գարնանը ձնծաղիկներ չեմ ունենա ձեռքերումս, վախենում եմ, որ կցրտահարվեն ձեռքերիս մեջ` անտանելի սառը ձեռքերիս մեջ: Գարնանը անձրև կգա, ու ես կսիրեմ այդ անձրևը, որովհետև անձրևից հետո երկնքում կշողա արևը, կսիրեմ, ինչպես այս նուրբ երեկոն, որտեղ ես շնչում եմ իմ ու քո բաժին օդը: Միգուցե մի օր կգաս, ու ես կփորձեմ մի նոր վերնագիր տալ վերադարձիդ, կամ կլռես, ինչպես…անձրևը:
Տանիքները սպիտակում են ձյան փաթիլներից, կատուն կուչ է եկել ծխնելույզի մոտ, իսկ ինչ-որ մի տեղ մեկի համար ձմռան մեջ բացվում են ձնծաղիկները:


Մեկնաբանել