Բարև, օրը լավն է արի զբոսնենք…
Երբ փոքր էի սխալ էի արտասանում շատ բառեր ու դա ընտանիքիս շատ էր դուր գալիս, ծամոն էին դարձրել ու, երբ ուզում էին ինձ հունից հանել հիշեցնում էին իմ թույլ կողմը ու ես բարկանում էի: Սկսեցի ամենից շատը սիրել բարև բառը, ու բոլոր ծանոթ-անծանոթներին ասում էի` բարև: Բայց մի օր Սոնուլիկը` ընկերուհիս, ասաց, որ չի կարելի անծանեթներին բարևել ու հենց երևի այդ օրն էր, որ անցորդները ինձ դարձան օտար: Հետո, երբ ավելի ամուր սկսեցի քայլերս դնել` դարձա ինքնամփոփ, սիրահարվեցի ծաղիկներին, երկնքին, աստղերին ու, մի խոսքով այն ամենին ինչը լուռ լսում էր, հասկանում ու ներում: Դե հետո մմեծացա. պետք է մեծանայի, բոլորն էլ վաղ, թե ուշ մեծանում են, դե պարզապես ես մի փոքր ուշ հասկացա, բայց երբ մի օր կանգնած էի պատշգամբում ու բարեվեցի Ջեկոյին (նա մեր բակի շունն էր), ու մտածեցի, որ կսկսենք մեր առօրյա զրույցը, նա շրջվեց ու գնաց, մտածեցի` նեղացել է, բայց չէ: Հաջորդ օրը տեսա փոքրիկ Մայրամիկին նա ասաց, որ Ջեկոն ինձ բարևում է, որ ես այլևս նրան չեմ հասկանում, որ արդեն մեծացել եմ, ես տխրեցի, բայց հետո հասկացա, որ մենք երբեք նույնը մնալ չենք կարող, ժամանակը չի թողնի: Հետո, բարձր դասարաններում, երբ բոլոր ընկերուհիներս սիրահարված էին ու անքննությամբ էին տառապում, ես դեռ մտածում էի, թե ինչու անցորդները ինձ դարձան օտար, ինչու հանկարծ Ջեկոն սկսեց ինձ չհասկանալ, չէ որ նա իմ ամենամտերիմ ընկերն էր: Արդեն ճիշտ արտասանում էի բոլոր բառերը, ու ինձ հունից հանելն էլ դժվար էր, բայց երեկոյան նեղացա մայրիկից, փակեցի սենյակիս դուռը, վերցրի գրիչս ու սկսեցի գրել, սետղծագործությանս անունը դրեցի` ‘Հանդիպում’, առավոտյան արթնացա, մայրս համբուրեց ու ասաց, որ շատ է հավանել, ես ել սկսեցի նոր նյութեր գրել: Գրում էի, նկարում, երազում ու չէի մտածում, որ հենց դա է երջանկությունը, որի մասին հեքիաթներ էի կարդում ու մտածում, որ ինչ-որ հեռավոր աստղի վրա, ինչ- որ մի տեղ է երջանկությունը… ‘Եթե կարողանաք գնահատել այն ինչ ունեք, չհամեմատեք ուրիշների ունեցածի հետ, կարողանաք ուրախանալ ամեն մի բացվող օրով, տեսնել երկինքը, ժպտալ, ապրել առանց վախերի, կլինեք երջանիկ, իսկ մնացածը հաղթահարելի է, պարզապես պետք է լցվեք եռանդով ու հավատով’,-ասաց մեր դասախոսներից մեկը: Տուն վերադառնալու ճանապարհին, քննարկում էինք դասախոսի ասածները, ‘բայց պարզ ճշմարտություն էր’,- ասաց ընկերուհիս: Իսկ քանի անգամ ես դու մտածել այդ պարզ ճշմարտության շուրջ, ճիշտ է ամեն ինչ այնքան էլ հեշտ չի, բայց դե պետք է գնահատես այն ինչ ունես, ու երևի մի օր կգտնես քո կյանքի իմաստը, այն ընդհանուր չէ բոլոր մարդկանց համար, յուրաքանչյուրն իրենը ունի…
Իսկ հիմա ես այսպիսին եմ, իսկ քեզ թվում է նույնը պիտի մնայի, դե հա, էլի ես եմ, բայց փոխվել եմ: Երբեմն շատ եմ մրսում արևի տակ, բայց դրանք պահեր են որ կանցնեն, ինչպես ինձ ասում էր մի շատ խելացի տղա: Հիմա շատ ջահել եմ, դեռ մի ամբողջ կյանք ունեմ ապրելու, դեռ այնքան բան պետք է իմանամ ու հասկանամ: Ես սովորում եմ լավը լինել, չտրորել ու չտրորվել, հանդուրժող լինել, կորցնել, բայց հասկանալ, շարունակել ապրել: Երևի հենց սա է կյանքը, երևի մարդիկ հենց այսպես են սովորում ապրել… Դե ուրեմն ես սիրում եմ ապրել…
Իսկ դու գիտեիր, որ աշխարհի ամենահրաշալի բառը` բարևն է, որ ամեն ինչ հենց այդպես է սկսվում, ուրեմն հավատա ինքդ քեզ, բացիր աչքերդ ու ասա բարև ամբողջ աշխարհին…
Հ.Գ. Սա երեկ էր, երբ ես վերջին անգամ տեսա իմ մտերիմ ընկերոջը` Ջեկոյին…


Մեկնաբանել