Դեկտեմբերյան արևը տաքացնում էր ապակին, և պատուհանագոգին դրված կակտուսն ուրախ ժպտում էր արևին կամ պարզապես նա հիշել էր իր արևաշատ հայրենիքը` Մեքսիկան, որի մասին նրան պատմել էր մայրիկը, մայրիկին` տատիկը: Դեռ մի քանի օրական էր կակտուսը, երբ Մերին նրան հողի մեջ դրեց: Մերին շատ էր սիրում կակտուսին, հոգ էր տանում նրա մասին: Նրանք շատ նման էին. երկուսն էլ ժպտերես, բարի, համառ ու շատ էին սիրում արևը:
Ամանորյա տոներին Մերիենց տուն հյուր եկավ մորաքույրը, ով պարզապես ատում էր կակտուսներին: Մի օր, երբ Մերին վերադարձավ տուն և մտավ սենյակ, որ բարևի կակտուսին, չգտավ նրան: Վազեց հյուրասենյակ, որտեղ մորաքույրը և մայրիկը սուրճ էին խմում: Մայրիկը նայեց Մերիին մեղավոր աչքերով. Մերին ամեն ինչ հասկացավ: Նրա աչքերից գլորվեցին սառը կաթիլներ: Բայց հետո այն հողին, որտեղ մի ժամանակ կակտուսն էր ապրում, նա գտավ փոքրիկ կակտուսիկի, դրեց հողի մեջ, և մի քանի րոպեից կակտուսիկը բացեց աչուկները և ուրախ ժպտաց Մերիին ու դեկտեմբերյան արևին…
Հ.Գ. Ամենամեծ կակտուսներն ապրում են Մեքսիկայի անապատներում: Նրանք մոտ 2000 տեսակի են: Իմ կակտուսը պատկանում է կոպուապուա տեսակին: Ճիշտ է, նա ամբողջովին փշերով է պատված, բայց չի ծակում, չի ցավեցնում: Դրանք պարզապես ուժեղ թվալու համար են:
Գիտե՞ք, կարծում եմ, որ մարդիկ այնքան էլ վատը չեն…
Մի ժամանակ ես ամպի կտոր եմ եղել կապույտ երկնքի վրա…


Մեկնաբանել