Ես շարժվում եմ նույն տարածությունով: Շրջանակներից այն կողմ` շենքեր, շենքերին` ծանրացած երկինք ու հեռվից եկած թռչուններ…
-Սո՜ն, շուտ արի, տե՜ս ծիածանը…Ուրեմն հեռվում անձրև է գալիս, իսկ անձրևը գիտի, որ ես կարոտում եմ իրեն…
-Սո՜ն, ի՞նչ ես կարծում, ես անհույս երազո՞ղ եմ:
-Չէ՜, դու հավերժ սիրահարված ես:
-Լավ է հնչում, բայց ինձ թվում է, թե…
-Դու ինձ հավատում ես, չէ՞:
-Հավատում եմ…
Օտարությունից եկած թռչուններն ինձ հարազատ են այնքան, որքան այգու ծառերն ու իրենք իրենց օրորվող ճոճանակները… Ես ձեռքերս մեկնում եմ դեպի երկինք ու ազատում եմ այն բարձրահարկ շենքերից: Սալօջախին եռում է թեյնիկը, իսկ քույրս լարում է կիթառը: Այսօր մենք միասին երգելու ենք մեր մանկության մասին… Թռչուններն ավելի ու ավելի են մոտենում մեր պատուհանին…
Մթության մեջ ես նկարում եմ քրոջս լուսե աչքերը…


Մեկնաբանել