Սեպտեմբեր, 2009 արխիվ

Հրաժեշտ

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.6/5 (7 ձայն)

Ջնջի՜ր քո աչքերից հիշողությունները, որ կարողանաս տեսնել ինձ: Ես ափերիս մեջ կտաքացնեմ քո ձեռքերը ու կշշնջամ, որ ամեն ինչ կարող ես: Դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ չափից դուրս բարությունը հիմարություն է, ու սխալ է, որ չար չես, երբ քեզ կտցահարում են: Լսու՞մ ես, այն ագռավները կտցահարել են իմ բարությունը, ու լոկ մասունքներ են մնացել, որոնք ես չեմ կարողանում հավաքել: Ես ուզում եմ չբարկանալ նրանց երեխայություններից, բայց ինքս երեխա եմ, չեմ կարող այդպես: Ձեռքերդ սառչում են ափերիս մեջ, ու ինձ է հիմա հավատ պետք: Նա, ով իմ հույսն էր, հեռացավ ու ինձ թողեց փետուրների մեղմ շոյանք: Փակի՜ր աչքերդ, որ կարողանաս մոռանալ ինձ. ես այլևս ուրիշ եմ…
Տաք մատներդ շոշափում էին աչքերս, բայց նրանք այդպես էլ ոչինչ չիմացան, ես երազում էի լալիս…

Թիթեռ

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.3/5 (7 ձայն)

Նույնիսկ դու ես օտարացել… Ես կանգնած սպասում եմ ու ևս մեկ անգամ փորձում հասկանալ, որ սա գարունն է, բայց մատներս, աչքերս, այտերս սկսում են սառել, ու ես ամբողջ մարմնով դողում եմ: Հետո տեսնում եմ կերպարներ աղավաղված, որոնք չեն ուզում նույնիսկ ինձ ձեռք մեկնել: Մի պահ թվում է` վտանգավոր եմ, հետո մի մոլորված, կտրատված թևիկներով թիթեռ ափիս մեջ է կանգնում ու հավատում, որ ես ափս չեմ փակի:
Ես ու նա քայլում ենք նոր կանաչող դաշտերով, որ գտնենք մեր գարունը…

Շող

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.6/5 (5 ձայն)

Մաքրիր աչքերիցդ արցունքները, փոքրի՜կս. ես եկել եմ, կողքիդ եմ և քեզ այլևս չեմ թողնի: Այսօրվանից մենք ժպտալ կսովորենք: Ճիշտ է, դժվար կլինի, բայց հիշում ես, չէ՞, միասին մենք ուժեղ ենք: Այլևս դու չես մրսի արևի տակ, ու այսօրվանից կծաղկեն քո այգու բոլոր ծառերը…
Հավատա՜ ինձ, փոքրի՜կս, ես քո հավատի կարիքն ունեմ…

Ինչ-որ մեկը

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Ինչ-որ մոռացված, հնացած կարոտի վերքեր են մնացել ձեռքերիս, որոնք այսօր էլ հրաժարվում են սպիանալ: Ինչ-ոչ անխոս, լուռ շուրթեր են մնացել այտերիս, որոնք հեքիաթներ են հորինում ինձ համար, իմ մասին ու աշխարհի բոլոր բարի ձեռքերի մասին, որոնցում վարդերը երբեք չեն թոշնում:
Ինչ-որ ուրիշ, տարբեր ու անսովոր աչքերով մեկն է անցել իմ կյանքի ճանապարհով, ով ինձ անթիվ վարդեր է նվիրել հավատի տեսքով…

Երկնքի պես

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.8/5 (5 ձայն)

Իմ երազները հիմա թռչում են ամպերից էլ վեր, ու ես կորցնում եմ նրանց. ինձ կապույտն է պակասում, նրանք այնքան կապույտի կարիք ունեն: Մի օր անգույն մեկը թակեց դուռս, ասաց, որ ինքը կարոտն է ու մտավ ներս: Բացեցի պատուհանները, որ նա հեռանա, բայց երազներս գնացին, նրանց կապույտ էր պետք, իսկ ես չունեմ թևեր…
Քո վրձինն այդպես էլ չսովորեց նկատել ժպիտս, իսկ իմ գրիչը անքնությամբ է տառապում…

Ներում

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.2/5 (5 ձայն)

Օրերի միապաղաղության մեջ տնկված ծառ եմ ու չգիտեմ` ուր թաքնվեմ. հեռու բոլոր հայացքներից, ճնշող բառերից, փակում եմ աչքերս ու հավատում, որ ինձ ոչ ոք չի տեսնում, իսկ վաղը գուցե նորից սկսեմ ապրել նկարված ժպիտներով ու օտար հարազատներով: Ես գնում եմ ու քեզ թողնում նրանց հետ, էլ վերադարձ չկա, ես ազատում եմ ինձ նրանցից ու քո ‘ես’-ից, որ այդպես էլ չհասկացավ, որ ես քար չեմ և ոչ էլ խոտ, ես ծառ եմ: Մի օր Արևը, ձեռքս բռնած, ինձ կտանի եկեղեցի, որ նորից սկսեմ մոմեր վառել` հույսի, հավատի:
Ու վերջում ներում. ես վերջին անգամ համբուրում եմ քարե խաչերը ու քո աչքերը:

Անհասցե նամակ

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.2/5 (5 ձայն)

Նորից քեզ եմ հիշել, ընկե՜րս, ավելի ճիշտ, դու միշտ ինձ հետ ես, բայց և շատ հեռու, ավաղ չեմ կարող հասկանալ այդ հեռուն: Իմ մոտ շատ բան է փոխվել, բայց ես քեզ կպատմեմ, երբ հանդիպենք: Այսօր քայլում էի ‘Ծաղիկների փողոցով’ (Հիշու՞մ ես, այն ես ու դու ենք այդպես կոչել) ու տեսա այն ծաղիկը, որն ինձ փորձում էիր բացատրել, բայց միայն նկարելուցդ հետո այն պատկերացրի. ճիշտ էիր` դա նմանը չունեցող մի ծաղիկ էր` կապույտ, դեղին վարսանդով, փոքրիկ ցողունով: Երեկ երկինքը քո սիրածի նման էր` կապույտ ու վրան էլ սպիտակ ամպեր, որոնց դու կասեիր հեռավոր երազանքներ… Իսկ մենք ամենից շատ սիրում էինք նայել երկնքին, պատկերներ էինք հորինում: Ու այդպես ես մի օր ծանոթացա թռչունների, կատուների ու շնիկների հետ, հենց այդ օրը իմացա, թե ինչ բան է անձրևը, երբ բոլոր շնիկները, կատուները, թռչունները ամուր գրկեցին իրար, որ չմրսեն, իսկ ես սովորեցի ապրել քո լուսե ու հավատով լի աչքերով, սովորեցի ժպտալ ու կարոտել…Հիմա դու հեռու ես: Ես հաճախ եմ լինում այնտեղ, որտեղ մի ժամանակ երկուսով էինք, ասում են, որ մարդն այն ժամանակ է մենակ, երբ վերադառնում է այնտեղ, որտեղ մի ժամանակ երջանիկ է եղել, բայց ես մենակ չեմ, դու դա գիտես: Դու գնացիր ու տարար քեզ հետ իմ երազանքը, նորը ստեղծելը դժվար է, հատկապես, երբ միջանցիկ քամիները խանգարում են: Ես ուզում եմ այսօր լինել այնպիսին, ինչպիսին, երբ միասին էինք, բայց օտար, անհասցե ու անհույս մարդիկ ինձ ուզում են հեռացնել քեզանից, բայց ես ամուր կանգնած եմ հողին…Հարազատս, ես չգիտեմ` ուր ուղարկեմ նամակներս, նրանք նույնպես անհասցե են: Այնտեղ, որտեղ դու ես, հիմա փոստատարներ չկան, աղավնիները ճանապարհները չգիտեն, իսկ ես չեմ կարողանում հասկանալ…Խնդրում եմ, պահպանի՜ր ինձ բոլոր միջանցիկ քամիներից, օգնի՜ր ամուր կանգնել հողին, հասկացրու՜ նրանց, որ դու ես իմ միակ հարազատը, որ քեզ եմ ես կարոտում… Իսկ ես կսպասեմ մինչ մեր հանդիպումը, մենք նորից կնստենք կողք կողքի, կնայենք երկնքին, ու ամեն ինչ կլինի առաջվանը…

Քո թիթեռ

Իմ ու քո եղանակը

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Ահա և սկսվեցին քո սիրած եղանակները, իսկ ես…Ես արձակում եմ մազերս ու շտապում դուրս, որ չլինեմ մենակ, որ լինեմ իմ հետ և քամու հետ: Ինձ ընկեր են դարձել անձրևները բոլոր ու քամիները: Հաջորդ գարուն ես նորից քեզ ու աշխարհին կնայեմ մաքուր ու խաղաղված աչքերով: Ես, ագռավները, մոլորված շնիկներն ու բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ բան են հասկանում կյանքից, կքայլենք դեպի մեր երազանքը ու չենք մտածի` մենակ ենք, որովհետև կունենանք իրար: Ահա և սկսվեցին քո սիրած եղանակները, իսկ ես դեռ պետք է սպասեմ մի ամբողջ ձմեռ…

Միջաստղային տարածություններով

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Հիմա դու հեռու ես ու նայում ես ինձ հազարավոր երազների, միջաստղային տարածությունների ու ամպերի միջով…Չես նկատի, որ ժպտում եմ (ես միշտ ժպտում եմ հրաժեշտ տալուց, որ ինձ հիշեն այդպիսին` ժպտացող): Ես կփակեմ աչքերս ու կզգամ, թե ինչպես ես շնչում, կկարողանամ հիշել դիմագծերդ, կապտամոխրագույն աչքերդ ու տաք ձեռքերդ: Կկարոտեմ անչափ, անսահման, միջաստղային տարածությունների չափ, բայց հետո կհաշտվեմ, կշրջվեմ ու կշարունակեմ ճանապարհս: Ու, եթե իմ ժպտուն, բայց թախծոտ աչքերը գոնե մի բան տվեցին կյանքիդ` ես երջանիկ եմ, որ հանդիպեցի ու շատ սիրեցի քո շնիկին…
Հ.Գ. ‘Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար ում ընտելացրել ես’:

Օրորոցային

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Քնի՜ր բալիկս, իմ օրորը թող մեղմ շոյի աչքերդ, թող իմ երգը քնքուշ սանրի մազերդ … Վաղը , երբ արևի չարաճճի շողը խաղա մատներիդ հետ, դու կբացես աչքերդ: Դու երկար ճանապարհ ունես անցնելու. կսխալվես, կընկնես, վեր կկենաս ու նորից կխնդաս, աչքերդ կփայլեն արևի պես: Դու դեռ պետք է սովորես ապրել, հավատալ ու սիրել…Ես քեզ նվիրում եմ իմ ողջ ջերմությունը (որն ինձ մայրս է նվիրել), որ երբեք չմրսես արևի տակ…Ես քեզ սիրում եմ, Մայրի՜կ…