Ամանորյա պատումներ

Հեղինակ: Անի Արշակյան

Դեկտեմբեր 25, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.5/5 (4 ձայն)

Ամեն ինչ պատրաստ է: Նստած են սեղանի մոտ ու ժամացույցին են նայում: Սեղանը այնքան էլ ճոխ չի, բայց տոնածառ կա. զարդարված է հին, ապակե խաղալիքներով: Նայում են իրար, երկուսի հայացքներում էլ անսահման կարոտ կա ու անթիվ հիշողություններ` կապված այդ` ամենանվիրական օրվա հետ…

Օր

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.4/5 (5 ձայն)

Տեսնես այն սևահեր աղջիկը չէ՞ր մրսում: Մի՞թե այս ցրտին կարելի է այդքան թեթև հագնվել: Լավ, ինչու՞ հանկարծ սկսեցի մտածել այդ աղջկա մասին, մի՞թե մտածելու էլ ոչինչ չունեմ: Ամեն առավոտ դուրս եմ գալիս պատշգամբ ու շնչում մաքուր, փոշուց ու մեքենաների ծխից դեռևս չաղտոտված օդը: Այսօր գրադարան գնալու օրն է: Նորից նույն ճանապարհով եմ քայլում. նույն ծառերը, նույն խանութները, մանուշակներ ու ձնծաղիկներ վաճառող տատիկը: Գրադարանից էլի փոշու հոտ է գալիս, մի երկու-երեք աթոռ ու սեղան կա, բարի աչքերով տատիկը ժպտում է ինձ, հետո միասին քայլում ենք գրքերի շարքերով, ու նա ինձ տալիս է ուզածս գիրքը: Ես նույնիսկ չէի մտածում, որ այդ գիրքն այդքան հաստափոր է: Դնում եմ այն պայուսակիս մեջ, հաջողություն մաղթում տատիկին ու դուրս գալիս: Հետդարձի ճանապարհը նույնն է. այգու արահետը, շենքերի արանքով ձգվող փողոցը, որտեղ ես նորից հանդիպում եմ իմ անծանոթ-ծանոթուհուն` նույն հանգիստ դեմքով, խաղաղ ժպիտով. մի տեսակ ուրիշ է: Պարանոցին փաթաթված է երկար կապույտ շարֆը: Անցնում եմ խաչմերուկը, որտեղ կանգնած է մուգ կարմիր վերարկուով տատիկը. այս անգամ նա գլխարկկ էլ է դրել: Հիմա կհարցնի ժամը.
-Ժամը քանի՞սն է:
-Երեքը, տատիկ:
-Ապրես: Կարդալ »

Մի դադարեք հավատալ

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Նորից ձյուն է գալիս…
Գիտե՞ս` ինչու եմ այդքան շատ սիրում ձյան տակ քայլել, որովհետև կարծես անտեսանելի եմ դառնում, և հետո` սիրում եմ, երբ փաթիլները գլորվում են այտերիս վրայով: Այնքան եմ ուզում մի օր բռնել իմ փոքրիկ հարևանի ձեռքը, իջնել դուրս, երբ մեծ փաթիլներով ձյուն գա, ու ձնեմարդ պատրաստել: Մենք ձեռք ձեռքի տված կպտտվենք մեր ձնեմարդու շուրջը, կծիծաղենք նրա ծուռ քթի վրա, միգուցե ինքն էլ ծիծաղի իր վրա, հետո կպառկենք ձյան մեջ ու կնայենք փաթիլներին. երկար, շատ երկար: Հետո կգնանք տուն: Ես իմ փոքրիկ հարևանին կարկանդակով թեյ կհյուրասիրեմ: Մենք կնստենք վառարանի մոտ, թեյ կխմենք ու կխոսենք տարբեր բաներից: Ես համոզված եմ, որ նա անպայման կսիրի ինձ: Ես էլ կսիրեմ նրան, ու մենք կդառնանք բարեկամներ:
Իմ հուշերում այսօր ապրում է մի բարի պապիկ, ով գրպանում լիքը կոնֆետներ ունի ու մեկ էլ հիանալի հեքիաթներ է պատմում:
-Իսկ ինչու՞ են հեքիաթներում լինում չար հերոսներ, մի՞թե հնարավոր չէ առանց չարի: Ինչու՞ է բարին միշտ պայքարում չարի դեմ:
-Որովհետև, բալիկս, կյանքը նման է հեքիաթի. երջանիկ լինելու, երազանքներին հասնելու համար անընդհատ պետք է պայքարել, սակայն, երբեմն գալիս են պահեր, երբ անզոր ես լինում և հանձնվում ես: Բայց դրանք պահեր են, որ անցնում են:
Երբեմն թուլանում եմ ու ձեռքերով փակում աչքերս, հետո մատներիս զգում եմ թացություն:
-Գիտե՞ս, պապիկ, իմ մեջ` մի փոքրիկ անկյունում, ապրում են քո հեքիաթները, ու ես հավատում եմ դրանց, պարզապես, երբեմն մոռանում եմ, բայց գիտեմ` դրանք պահեր են, որ անցնում են…

Իմ ու քո բաժին օդը

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Փողոցի լապտերներն արդեն վառվում են: Ես նորից քայլում եմ փողոցով ու շնչում օրվա իմ բաժին օդը, կարծես արդեն սովորած լինեմ այս ցրտին ու չեմ մրսում, ինչպես Անտարկտիդայում բնակվող պինգվինները: Ես այդպես էլ չասացի քեզ, որ շատ նման ես պինգվինի, նրանց նման քայլում ես ու երգում: Միգուցե նեղանայիր ու ասեիր, որ ես էլ ագռավի եմ նման կամ սև կատվի, բայց ես չէի նեղանա, որովհետև մի օր ինքս անցա սև կատվի դիմացով ու ագռավի կռկռոցից հետո սկսեցի բարձր երգել: Այդպես մենք բոլորս ընկերացանք, ու մեզ ոչինչ էլ չպատահեց:
Նորից ձյուն է գալիս: Ինչ-որ մի տեղ մեկի համար սա երազանք է, իսկ ես վախենում եմ, որ գարնանը ձնծաղիկներ չեմ ունենա ձեռքերումս, վախենում եմ, որ կցրտահարվեն ձեռքերիս մեջ` անտանելի սառը ձեռքերիս մեջ: Գարնանը անձրև կգա, ու ես կսիրեմ այդ անձրևը, որովհետև անձրևից հետո երկնքում կշողա արևը, կսիրեմ, ինչպես այս նուրբ երեկոն, որտեղ ես շնչում եմ իմ ու քո բաժին օդը: Միգուցե մի օր կգաս, ու ես կփորձեմ մի նոր վերնագիր տալ վերադարձիդ, կամ կլռես, ինչպես…անձրևը:
Տանիքները սպիտակում են ձյան փաթիլներից, կատուն կուչ է եկել ծխնելույզի մոտ, իսկ ինչ-որ մի տեղ մեկի համար ձմռան մեջ բացվում են ձնծաղիկները:

Գիշեր

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.2/5 (5 ձայն)

Երբ գալիս է գիշերը, երկնքում շարվում են աստղերը, լուսինը մի հին բարի երգ է երգում գիշերվա մասին, իսկ դու, փոքրիկս, նայում ես լուսնին տխուր ու թաց աչքերով: Ես փակում եմ աչքերս, որ ինձ այցի գան երազները. ցերեկը դառնում է գիշեր: Իմ հին բարեկամը շրջում է քաղաքի փողոցներով ու հեքիաթներ հորինում քնած մարդկանց մասին. նրա հեքիաթում ես այնպիսին եմ, ինչպիսին քնած ժամանակ. ես թռչուն եմ դառնում ու թևերս պարզած գրկում երկինքը: Հեյ, փոքրիկս, դու նայում ես երկնքին թաց ու տխուր աչքերով. դու քո երազն ես փնտրում, մինչդեռ ես քնած եմ ու երազներ եմ տեսնում իմ քաղաքի բոլոր ծեր ու բարի կատուների մասին:
Պոչը խաղացնելով քայլում է կատուն քաղաքի հին կտուրներով ու քթի տակ մռմռում իր նոր հեքիաթը. ‘Ափսոս չգիտեն մարդիկ, որ միայն քնած ժամանակ չէ, որ երազ են տեսնում…’:

Բարև

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Բարև, օրը լավն է արի զբոսնենք…
Երբ փոքր էի սխալ էի արտասանում շատ բառեր ու դա ընտանիքիս շատ էր դուր գալիս, ծամոն էին դարձրել ու, երբ ուզում էին ինձ հունից հանել հիշեցնում էին իմ թույլ կողմը ու ես բարկանում էի: Սկսեցի ամենից շատը սիրել բարև բառը, ու բոլոր ծանոթ-անծանոթներին ասում էի` բարև: Բայց մի օր Սոնուլիկը` ընկերուհիս, ասաց, որ չի կարելի անծանեթներին բարևել ու հենց երևի այդ օրն էր, որ անցորդները ինձ դարձան օտար: Հետո, երբ ավելի ամուր սկսեցի քայլերս դնել` դարձա ինքնամփոփ, սիրահարվեցի ծաղիկներին, երկնքին, աստղերին ու, մի խոսքով այն ամենին ինչը լուռ լսում էր, հասկանում ու ներում: Դե հետո մմեծացա. պետք է մեծանայի, բոլորն էլ վաղ, թե ուշ մեծանում են, դե պարզապես ես մի փոքր ուշ հասկացա, բայց երբ մի օր կանգնած էի պատշգամբում ու բարեվեցի Ջեկոյին (նա մեր բակի շունն էր), ու մտածեցի, որ կսկսենք մեր առօրյա զրույցը, նա շրջվեց ու գնաց, մտածեցի` նեղացել է, բայց չէ: Հաջորդ օրը տեսա փոքրիկ Մայրամիկին նա ասաց, որ Ջեկոն ինձ բարևում է, որ ես այլևս նրան չեմ հասկանում, որ արդեն մեծացել եմ, ես տխրեցի, բայց հետո հասկացա, որ մենք երբեք նույնը մնալ չենք կարող, ժամանակը չի թողնի: Հետո, բարձր դասարաններում, երբ բոլոր ընկերուհիներս սիրահարված էին ու անքննությամբ էին տառապում, ես դեռ մտածում էի, թե ինչու անցորդները ինձ դարձան օտար, ինչու հանկարծ Ջեկոն սկսեց ինձ չհասկանալ, չէ որ նա իմ ամենամտերիմ ընկերն էր: Արդեն ճիշտ արտասանում էի բոլոր բառերը, ու ինձ հունից հանելն էլ դժվար էր, բայց երեկոյան նեղացա մայրիկից, փակեցի սենյակիս դուռը, վերցրի գրիչս ու սկսեցի գրել, սետղծագործությանս անունը դրեցի` ‘Հանդիպում’, առավոտյան արթնացա, մայրս համբուրեց ու ասաց, որ շատ է հավանել, ես ել սկսեցի նոր նյութեր գրել: Գրում էի, նկարում, երազում ու չէի մտածում, որ հենց դա է երջանկությունը, որի մասին հեքիաթներ էի կարդում ու մտածում, որ ինչ-որ հեռավոր աստղի վրա, ինչ- որ մի տեղ է երջանկությունը… ‘Եթե կարողանաք գնահատել այն ինչ ունեք, չհամեմատեք ուրիշների ունեցածի հետ, կարողանաք ուրախանալ ամեն մի բացվող օրով, տեսնել երկինքը, ժպտալ, ապրել առանց վախերի, կլինեք երջանիկ, իսկ մնացածը հաղթահարելի է, պարզապես պետք է լցվեք եռանդով ու հավատով’,-ասաց մեր դասախոսներից մեկը: Տուն վերադառնալու ճանապարհին, քննարկում էինք դասախոսի ասածները, ‘բայց պարզ ճշմարտություն էր’,- ասաց ընկերուհիս: Իսկ քանի անգամ ես դու մտածել այդ պարզ ճշմարտության շուրջ, ճիշտ է ամեն ինչ այնքան էլ հեշտ չի, բայց դե պետք է գնահատես այն ինչ ունես, ու երևի մի օր կգտնես քո կյանքի իմաստը, այն ընդհանուր չէ բոլոր մարդկանց համար, յուրաքանչյուրն իրենը ունի… Կարդալ »

Կակտուսն ու Մերին

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Դեկտեմբերյան արևը տաքացնում էր ապակին, և պատուհանագոգին դրված կակտուսն ուրախ ժպտում էր արևին կամ պարզապես նա հիշել էր իր արևաշատ հայրենիքը` Մեքսիկան, որի մասին նրան պատմել էր մայրիկը, մայրիկին` տատիկը: Դեռ մի քանի օրական էր կակտուսը, երբ Մերին նրան հողի մեջ դրեց: Մերին շատ էր սիրում կակտուսին, հոգ էր տանում նրա մասին: Նրանք շատ նման էին. երկուսն էլ ժպտերես, բարի, համառ ու շատ էին սիրում արևը:
Ամանորյա տոներին Մերիենց տուն հյուր եկավ մորաքույրը, ով պարզապես ատում էր կակտուսներին: Մի օր, երբ Մերին վերադարձավ տուն և մտավ սենյակ, որ բարևի կակտուսին, չգտավ նրան: Վազեց հյուրասենյակ, որտեղ մորաքույրը և մայրիկը սուրճ էին խմում: Մայրիկը նայեց Մերիին մեղավոր աչքերով. Մերին ամեն ինչ հասկացավ: Նրա աչքերից գլորվեցին սառը կաթիլներ: Բայց հետո այն հողին, որտեղ մի ժամանակ կակտուսն էր ապրում, նա գտավ փոքրիկ կակտուսիկի, դրեց հողի մեջ, և մի քանի րոպեից կակտուսիկը բացեց աչուկները և ուրախ ժպտաց Մերիին ու դեկտեմբերյան արևին…
Հ.Գ. Ամենամեծ կակտուսներն ապրում են Մեքսիկայի անապատներում: Նրանք մոտ 2000 տեսակի են: Իմ կակտուսը պատկանում է կոպուապուա տեսակին: Ճիշտ է, նա ամբողջովին փշերով է պատված, բայց չի ծակում, չի ցավեցնում: Դրանք պարզապես ուժեղ թվալու համար են:
Գիտե՞ք, կարծում եմ, որ մարդիկ այնքան էլ վատը չեն…
Մի ժամանակ ես ամպի կտոր եմ եղել կապույտ երկնքի վրա…

Իմաստներ

Հեղինակ: Անի Արշակյան

Հոկտեմբեր 2, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.0/5 (4 ձայն)

Ես շարժվում եմ նույն տարածությունով: Շրջանակներից այն կողմ` շենքեր, շենքերին` ծանրացած երկինք ու հեռվից եկած թռչուններ…
-Սո՜ն, շուտ արի, տե՜ս ծիածանը…Ուրեմն հեռվում անձրև է գալիս, իսկ անձրևը գիտի, որ ես կարոտում եմ իրեն…
-Սո՜ն, ի՞նչ ես կարծում, ես անհույս երազո՞ղ եմ:
-Չէ՜, դու հավերժ սիրահարված ես:
-Լավ է հնչում, բայց ինձ թվում է, թե…
-Դու ինձ հավատում ես, չէ՞:
-Հավատում եմ…
Օտարությունից եկած թռչուններն ինձ հարազատ են այնքան, որքան այգու ծառերն ու իրենք իրենց օրորվող ճոճանակները… Ես ձեռքերս մեկնում եմ դեպի երկինք ու ազատում եմ այն բարձրահարկ շենքերից: Սալօջախին եռում է թեյնիկը, իսկ քույրս լարում է կիթառը: Այսօր մենք միասին երգելու ենք մեր մանկության մասին… Թռչուններն ավելի ու ավելի են մոտենում մեր պատուհանին…
Մթության մեջ ես նկարում եմ քրոջս լուսե աչքերը…

Հրաժեշտ

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 4.4/5 (5 ձայն)

Ջնջի՜ր քո աչքերից հիշողությունները, որ կարողանաս տեսնել ինձ: Ես ափերիս մեջ կտաքացնեմ քո ձեռքերը ու կշշնջամ, որ ամեն ինչ կարող ես: Դու ճիշտ էիր, երբ ասում էիր, որ չափից դուրս բարությունը հիմարություն է, ու սխալ է, որ չար չես, երբ քեզ կտցահարում են: Լսու՞մ ես, այն ագռավները կտցահարել են իմ բարությունը, ու լոկ մասունքներ են մնացել, որոնք ես չեմ կարողանում հավաքել: Ես ուզում եմ չբարկանալ նրանց երեխայություններից, բայց ինքս երեխա եմ, չեմ կարող այդպես: Ձեռքերդ սառչում են ափերիս մեջ, ու ինձ է հիմա հավատ պետք: Նա, ով իմ հույսն էր, հեռացավ ու ինձ թողեց փետուրների մեղմ շոյանք: Փակի՜ր աչքերդ, որ կարողանաս մոռանալ ինձ. ես այլևս ուրիշ եմ…
Տաք մատներդ շոշափում էին աչքերս, բայց նրանք այդպես էլ ոչինչ չիմացան, ես երազում էի լալիս…

Թիթեռ

Հեղինակ: Անի Արշակյան

Սեպտեմբեր 26, 2009 >> Մեր ստեղծագործությունները

VN:F [1.6.3_896]
Վարկանիշ: 3.8/5 (4 ձայն)

Նույնիսկ դու ես օտարացել… Ես կանգնած սպասում եմ ու ևս մեկ անգամ փորձում հասկանալ, որ սա գարունն է, բայց մատներս, աչքերս, այտերս սկսում են սառել, ու ես ամբողջ մարմնով դողում եմ: Հետո տեսնում եմ կերպարներ աղավաղված, որոնք չեն ուզում նույնիսկ ինձ ձեռք մեկնել: Մի պահ թվում է` վտանգավոր եմ, հետո մի մոլորված, կտրատված թևիկներով թիթեռ ափիս մեջ է կանգնում ու հավատում, որ ես ափս չեմ փակի:
Ես ու նա քայլում ենք նոր կանաչող դաշտերով, որ գտնենք մեր գարունը…